38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գործում է տարածաշրջանի աղքատ երկրներից հարսնացուներ «ներմուծելու» բիզնես

Գործում է տարածաշրջանի  աղքատ երկրներից հարսնացուներ «ներմուծելու» բիզնես
24.02.2015 | 00:13

Վերջին տվյալների համաձայն, 2014 թվականին Չինաստանի բնակչության թիվը եղել է 1,36 մլրդ, որը կազմում է մոլորակի բնակչության 20 %-ը և երկիրը դարձնում է ամենախտաբնակն աշխարհում։ Սակայն միասնական կարծիք կա, որ եթե Չինաստանում երկար ժամանակ «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը չվարեին, նրա բնակչության թիվը շատ ավելի մեծ կլիներ։ Երկրում գործող ժողովրդագրական օրենքի մասին բոլորը գիտեն, բայց դրա շուրջ հյուսված առասպելներն էլ քիչ չեն, ուստի կցանկանայի դրանց մի քիչ մանրամասնորեն անդրադառնալ։

1970-ական թվականներին, բարեփոխումներից դեռ շատ առաջ, հասկանալի դարձավ, որ մարդկանց հսկայական քանակությունը գերծանր բեռ է երկրի ունեցած ռեսուրսների համար։ Չինաստանն ստիպված էր օրենսդրորեն սահմանափակել ընտանիքի մեծությունը։ ՉԺՀ-ի քաղաքացիներին թույլատրված էր ունենալ մեկ երեխայից ոչ ավելի։ Արդյունքը երկար սպասել չտվեց, շուտով մեկ կնոջ ծնած երեխաների միջին քանակը 5,8-ից իջավ 1,8-ի, թեև լինում էին նաև բացառություններ։ Դրանք, նախ, երկվորյակներն էին (դրա համար էլ որոշ զույգեր, բազմապտուղ հղիության հույսով, դիմում էին արհեստական բեղմնավորման), կամ այն դեպքերը, երբ առաջին երեխան լինում էր հաշմանդամ կամ մահանում էր։ Սահմանափակումները խիստ չէին նաև ազգային փոքրամասնությունների նկատմամբ, իսկ նրանց թիվը Չինաստանում հիսունից ավելի է։ Հետաքրքիր է, որ օրենքի տակ չէին ընկնում այն չինացիները, ովքեր ամուսնացած էին օտարերկրացիների հետ։ Բարեկեցության աճին զուգընթաց ավելացան նաև այլ մեղմացումներ. թույլատրվում էր երկու երեխա ունենալ, եթե ընտանիքը պատրաստ էր իր տարեկան եկամտի 20 %-ի չափով տուրք մուծել։ Բայց միաժամանակ Չինաստանի բնակչության և ընտանիքի պլանավորման հանձնաժողովում կարծում են, որ եթե օրենքը չընդունվեր, ապա երկրի բնակչությունն այժմ 1,8 միլիարդ կլիներ։
Մինչդեռ, նկատեմ, նույնիսկ աչքաչափով, Չինաստանի բնակչության քանակը զգալիորեն գերազանցում է պաշտոնական տվյալները։ Այսպես, գյուղերում վաղուց արդեն «ճարպկորեն» չորս, հինգ, նույնիսկ ավելի երեխա են ունենում։ Պաշտոնապես գրանցում են մեկին, ծայրահեղ դեպքում՝ երկուսին, իսկ մնացածներն իրենց համար հանգիստ մեծանում են առանց փաստաթղթերի։ Դարասկզբին նման չգրանցված մարդկանց թիվը մոտ 30 միլիոն էր, բայց հիմա էլ, փորձագետների տվյալներով, Չինաստանի բնակիչները տարեկան «թաքցնում» են մոտ երեք միլիոն երեխա՝ խույս տալով օրենքից։ Այնուհետև նրանք շատ հաճախ տեղափոխվում են քաղաք։ Իսկ հենց որ մարդը տեղափոխվում է, դառնում է «անհասանելի», նա սովորաբար ապրում է առանց փաստաթղթերի, առանց գրանցման աշխատում է, կանխիկ վճարում տան վարձը։ Այսինքն, պաշտոնապես գյուղաբնակ է, բայց իրականում ապրում է քաղաքում։ Նման դեպքում պետությունը ոչ մի կերպ չի կարող վերահսկել, թե քանի երեխա ունի նա։ Այնպես որ, այդ պրակտիկան շատ տարածված է։ Շանհայում, օրինակ, որտեղ գյուղերի բնակիչները հաճախ փոքրիկ արհեստանոցներ ու ռեստորաններ են բացում, հաճախ կարելի է տեսնել, ինչպես մեր պոետը կասեր, «մի տուն լիքը մանուկներ»։ Իհարկե, դա դպրոցների «սև շուկա» է ծնում. դե երեխաներին ուսում տալ է պետք, չէ՞։ Այսպես, լրատվամիջոցները հաղորդում են, որ Պեկինում փակել են 20-ի չափ ընդհատակյա դպրոցներ, որտեղ սովորում էին «չգրանցված երեխաներ»։ Բայց խորամանկ չինացիները «մեկ երեխա» օրենքը շրջանցելու այլ եղանակներ էլ են գտնում։ Հիմա, ինչպես հաղորդվում է, մոդա է դառնում այլ երկրում ծննդաբերելու պրակտիկան։ Այսպես, միջազգային կազմակերպությունները ֆիքսում են տասնյակ հազարավոր չինական ընտանիքներ, որոնց երեխաները ծնվել են արտասահմանում, և որոնք ունեն Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, Հոնկոնգի ու հարևան այլ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեքսիկայի, նույնիսկ Կարիբյան ավազանի երկրների ծննդյան վկայականներ։ Օրինակ, այն միջազգային դպրոցում, որտեղ սովորում է իմ թոռը, նրա դասարանում երեխաների մեծ մասը «օտարերկրացի չինացի» է։ Այլ միջոց էլ կա. «հիշել», որ դու ազգային փոքրամասնություն ես, իսկ քո պապիկը, օրինակ, եղել է, ասենք, դադուր, մանջուր և այլն, գտնել դրա մի որևէ ապացույց և հիանալի կերպով ոչ միայն շատ երեխաներ ունենալ, այլև օգտվել նրանց տրվող բազում արտոնություններից։ Իսկ քանի որ օրենքը շրջանցելու հնարավորությունները, ինչպես տեսնում ենք, շատ են, ապա պաշտոնական վիճակագրությանը, կարծես, այնքան էլ պետք չէ հավատալ։ Եվ շատ հնարավոր է, որ այն 400 մլն «ավելորդ» մարդկանցից, ովքեր, ինչպես պնդում են, Չինաստանում չեն ծնվել «մեկ երեխայի» քաղաքականության պատճառով, առնվազն կեսին կարելի է համարձակորեն ավելացնել բնակչության պաշտոնական թվին։
Այդուամենայնիվ, վերջին ժամանակներս ՉԺՀ-ում շատ կուսակցություններ են պտտվում օրենքի եթե ոչ լրիվ չեղարկման, գոնե արմատական մեղմացման շուրջ։ Չինաստանի կոմկուսի կենտկոմի պլենումում որոշում էր ընդունվել օրենքի մեղմացման մասին, իսկ 2014 թ. մի շարք խոշոր նահանգներում և քաղաքներում ուժի մեջ մտավ այն դրույթը, որ եթե ծնողներից մեկը ընտանիք է կազմել արդեն մեկ երեխա ունեցած, ապա զույգը կարող է ունենալ ևս մեկը։ Եվ դրա համար կան շատ լուրջ ու օբյեկտիվ պատճառներ։ Նախ, այդ օրենքը երբեք ընդունելի չի եղել բնակչության համար, իսկ վիթխարի երկրում առանց այն էլ խնդիրները շատ են։ Երկրորդ, և այդ պատճառը շատ ավելի կարևոր է, բնակչության ծերանալու տեմպերը։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ՉԺՀ-ում աշխատունակ բնակչության աճը կշարունակվի մինչև 2015 թվականը, իսկ հետո բնակչությունը կսկսի արագորեն ծերանալ։ Արդեն 2030 թ. երկրում կլինի 229 մլն ծեր, իսկ 2025-ին՝ 331 մլն, իսկ դա իր հետ բերում է աշխատուժի պակաս, աշխատունակ բնակչության ուսերին ծանրացող բեռը խիստ մեծանում է (ավանդաբար, Չինաստանում երիտասարդների պարտքն է հոգ տանել ծեր ծնողների մասին), ինչ վերաբերում է կենսաթոշակին, ապա այսօրվա դրությամբ թոշակ ստանում է համապատասխան տարիքի քաղաքացիների քառորդ մասը միայն։ Երրորդ, «մեկ երեխա» քաղաքականության պատճառով երկրում ժողովրդագրական բացահայտ շեղում է զգացվում։ Սրա վրա մի քիչ մանրամասնորեն կանգ առնենք։
Մենք լավ գիտենք, որ Չինաստանը խորապես ավանդապահ երկիր է, որտեղ տղան օգնական է, կերակրող և սերունդ շարունակող։ Եթե աղջիկը հեռանում է ընտանիքից, ապա որդին մնում և օգնում է տարեց ծնողներին։ Բացի այդ, կոնֆուցիական պատկերացմամբ, նախնիների անվանատախտակների առջև խոնարհվել կարող են միայն տղաները, իսկ Չինաստանի համար, որն այժմ կրոնական վերածնություն է ապրում, դա շատ կարևոր հանգամանք է։ Այնպես որ, մարդիկ ամեն կերպ, այդ թվում՝ քրեական ճանապարհով, ձգտել են, որ միակ զավակը տղա լինի։ Այստեղից՝ հղիության ընտրովի ընդհատումը, աղջիկներից հրաժարումը, այն ահավոր լուրերը, թե օրենքի ընդունումից հետո երկրում ջրահեղձ էին անում նորածին աղջիկներին և նույնիսկ, իբր, գետերի ափերին հաճախ կարելի էր ցուցանակներ տեսնել՝ «Այստեղ աղջիկներ չխեղդել»։ Ես առաջին անգամ նման երևույթի հանդիպեցի, երբ մենք չինացի կանանց կոնսուլտացիայում չկարողացանք իմանալ երեխայի սեռը. սոնոգրաֆիա անում են, իսկ տղա է, թե աղջիկ, կտրականապես չեն ասում, նույնիսկ օտարերկրացիներին։ Թեև Չինաստանում վերջին մարդահամարի տվյալները գենդերային անհավասարակշռության վերացման միտումներ ցույց տվեցին, այդուամենայնիվ, այն աշխարհում ամենաանհավասարակշիռն է. 2014 թ. Չինաստանում լույս աշխարհ եկած տղաների ու աղջիկների հարաբերակցությունը եղել է 115,9:100: Իսկ վերջին 34 տարում, ընդհանուր առմամբ, 30 մլն-ով ավելի տղա է ծնվել, քան աղջիկ։ Այստեղից էլ ընտանիք կազմելու հարցում առաջացող խնդիրները։ Այստեղ կատակով ասում են. ցանկացած, նույնիսկ ամենատգեղ աղջիկը Չինաստանում կարող է ամուսնանալ։ Երկրում գործում է տարածաշրջանի աղքատ երկրներից հարսնացուներ «ներմուծելու» բիզնես, և անգամ այնպիսի քրեական բիզնես, ինչպիսին է «աշխատելու համար» աղքատ ընտանիքների չինացի աղջիկների հավաքագրումը։ Հետո հավաքում են նրանց փաստաթղթերն ու տանելով խուլ գյուղեր՝ կնության են վաճառում։ Այսինքն, ճակատագրի ի՜նչ հեգնանք, նրանց վաճառում են այն գյուղերում, որտեղ ժամանակին ջրահեղձ են արել սեփական դուստրերին։
Զուգընթաց առաջացել է ևս մեկ խնդիր՝ «մարդկային կապիտալի որակի» խնդիրը։ Պատկերացնենք, առաջ ընտանիքում լինում էր չորս-հինգ երեխա, որոնցից յուրաքանչյուրը պետք է համառ աշխատանքով տեղ զբաղեցներ կյանքում։ Իսկ հիմա միանգամայն այլ իրավիճակ է։ Ինչպես ասում են Չինաստանում, այժմ ի հայտ է եկել «փոքր կայսրերի» մի սերունդ։ Այսինքն, մինուճար երեխա ունեցող ընտանիքում, որտեղ հայր, մայր, տատիկ, պապիկ, քեռի, մորաքույր կան, բոլորը ոչինչ չեն մերժում։ Իրենց բացառիկությանը հավատացող և նույնիսկ մի քիչ անդաստիարակ այդ եսասերներին կարելի է հաճախ հանդիպել չինական քաղաքների փողոցներում ու տրանսպորտում։
Այսպիսով, եթե առաջ «մեկ երեխայի» քաղաքականությունը լուծում էլ էր այն ժամանակվա համար կարևոր գերխտաբնակության հարցը, ապա հիմա, անգամ այն բանից հետո, երբ այդ վիճելի օրենքը նկատելիորեն թուլացած է, երկրում ավելի ու ավելի բարձր են կոչեր հնչում ժողովրդագրական քաղաքականությունն արմատապես փոխելու անհրաժեշտության մասին։ Բայց, պետք է նկատել, որ միջին խավի բարեկեցության աճը և հասարակական լայն ընդգրկումը Չինաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, հանգեցնում են երեխաներ ունենալու ցանկության նվազմանը։ Վիճակագրական տվյալների համաձայն, քաղաքների բնակչության մոտավորապես 10-20 %-ը ասում է. «Ո՞Ւմ են պետք երեխաները, ավելի լավ է մեզ համար ապրենք»։ Նունիսկ նշվում է, որ որոշ երիտասարդ ընտանիքներ երեխաների փոխարեն տնային կենդանիներ են նախընտրում։ Իսկ ինչպե՞ս վարվել։ Հիմա Չինաստանում որոշ պաշտոնյաներ կոչ են անում անցնել «Մեկ ընտանիք՝ երկու երեխա» քաղաքականությանը, այսինքն, երկրորդ երեխայի ծնունդը պարտադիր դարձնել զույգի համար։ Նման հայտարարությունները սուր բանավեճ են բորբոքել չինացիների շրջանում։ Ընդ որում, չինական լրատվամիջոցները գրում են, որ մեծ արդյունք կտան ծննդի խրախուսումն ու խթանումը, ոչ թե ուղղակի ճնշումը, որը բացասաբար է ընդունվում քաղաքացիների կողմից։ Բայց չինացիների մի մասի շրջանում էլ համոզմունք կա, որ մոլորակի բնակչությունը շատ արագ է աճում, և նրանք համաշխարհային հանրությանը կոչ են անում սահմանափակել ծնունդն այն երկրում, որտեղ բնակչության թիվն աճում է չափազանց արագ։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ